Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին քառյակի պատասխան խաղերը: Անակնկալներ այդպես էլ չեղան: Ավելին՝ «Ռեալ»-«Ռոմա», «Չելսի»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայություններում արձանագրվեց կողմերի առաջին հանդիպման հաշվի հայելային ամբողջական անդրադարձը, մյուս երկուսում դա եղավ մասամբ: Սակայն մասամբ ոչ թե հանդիպման ելքի, հաղթանակի կամ պարտության, այլ նույն հաշվի առումով: Հետաքրքիր ևս մեկ բան. եթե երեքշաբթի կայացած խաղերում հաջողակ էին տանտերերը, չորեքշաբթի այդպիսիք եղան արդեն հյուրերը:
«ՉԵԼՍԻ»-«ՊԱՐԻ ՍԵՆ ԺԵՐՄԵՆ»
Ինչպես առաջին դիմակայությունում էր, «Չելսին» դարձյալ չկարողացավ չեզոքացնել կյանքի լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացնող Զլատան Իբրահիմովիչի գործոնը: Գոլ+գոլային փոխանցում կոմբինացիայով տաղանդաշատ շվեդը նորից արեց իր «սև» գործը՝ ավերելով լոնդոնցիների հեքիաթը, ու մնում է սպասել, թե մեկ քառորդում ով է հայտնվելու նրա «փոցխի» տակ: Փաստորեն, 2:1 հաշիվը ճակատագրորեն կրկնվեց Ռոման Աբրամովիչի թիմի համար, որը, ի դեպ, անցած տարի էլ այս նույն փուլում դեմ առավ փարիզյան «մանգաղին»: Իսկ ինչ վերաբերում է հանդիպմանը, միանշանակ դիտարժան էր, հագեցած սուր կոմբինացիաներով ու դրամատիզմով: Մի խոսքով՝ գեղեցիկ ֆուտբոլ էր: Այնպես որ, ֆուտբոլասերը դժգոհելու բան պիտի որ չունենա:
«ՌԵԱԼ»-«ՌՈՄԱ»
Հաշվի հայելային անդրադարձ արձանագրվեց և մադրիդյան դիմակայությունում՝ 2:0: «Արքայականը» տոնեց միանգամայն արժանի հաղթանակ, որքան էլ իտալացի «գայլերը» փորձեցին դիմադրել: Ինչպես և առաջին խաղում, վճռորոշ եղավ երկրորդ խաղակեսը: Նորից դարպասի գրավումով աչքի ընկավ Ռոնալդուն՝ խփելով իր արդեն տասներեքերորդը: Ի դեպ, գոլերից մյուսի հեղինակը Խամեսն էր, ով Ռոնալդուի գլխավորությամբ այն տասնյակի մեջ է, որից ուզում է ազատվել ակումբի նախագահը:
«ԶԵՆԻԹ»-«ԲԵՆՖԻԿԱ»
Ռուսները խորապես վիրավորված էին, որ առաջին հանդիպման վերջին վայրկյաններին բաց թողեցին ցավալի գոլ ու տանուլ տվեցին հանդիպումը: Սանկտպետերբուրգյան դիմակայությունը ցույց տվեց, որ խաղավարտը կայունորեն մնում է նրանց թույլ կողմը: «Բենֆիկան» երկրորդ խաղում էլ վերջին վայրկյաններին դարձավ գոլի հեղինակ, թեպետ, եթե նույնիսկ չլիներ էլ դարպասի այդ գրավումը, միևնույն է, ռուսներին 1:1 հաշիվը չէր հանելու քառորդ եզրափակիչ:
Սակայն պորտուգալացիներն այս հաղթանակով կարծես թե առանձնապես ուրախանալու բան պիտի որ չունենան, որովհետև որքան մոտենում է եզրափակիչը, այնքան նրանց տագնապն ավելանում է ժամանակին արած մի, այսպես ասենք, հիմարության պատճառով (ավելի լավ կամ ճիշտ բնորոշման իրավունքը թողնում ենք ձեզ):
Հեղինակավոր այս թիմը, որ Չեմպիոնների լիգայում հեռավոր 1962-ին կրկնեց նախորդ տարվա հաջողությունը, ի դեմս ակումբի ղեկավարության, աշխատավարձն ավելացնելու գլխավոր մարզչի խնդրանքը մերժելու ոչ միայն թեթևամտությունն ունեցավ, այլև պատժեց՝ աշխատանքից հեռացնելով: Բոսերի աշխատասենյակը լքելուց առաջ Հուդմանը զայրացած շպրտեց՝ առաջիկա հարյուր տարում «Բենֆիկան» չի դառնա չեմպիոն:
1962-ից հետո պորտուգալական ակումբն ութ անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և ութում էլ պարտվել: Բանը հասել է անգամ նրան, որ 1990-ին աշխարհահռչակ Էյսեբիոն հատուկ գնացել է Վիեննայում հուղարկավորված հունգարացու գերեզմանին ու խնդրել թողություն, սակայն հանգուցյալի հոգին չի կարողացել վիրավորանքը կուլ տալ:
1990-ից հետո անցել է քսանվեց տարի, իսկ հարյուրի ամբողջանալուն մնացել է ևս քառասունվեց: Հիմա սրանից հետո կհավատաք, թե չեք հավատա անեծքի զորավոր ուժին, ինչ ասեմ, ձեր գործն է, բայց բարեկամաբար խնդրում եմ, «Բենֆիկայի» հետ կապված, ձեր հնարավոր սպասումներում լինել չափավոր ու հետո մեր դեմ գործ չբացել իմանալու և միտումնավոր տեղյակ չպահելու համար:
«ՎՈԼՖՍԲՈՒՐԳ»-«ԳԵՆՏ»
Պիտի որ մոռացած չլինեք, թե 3:0 հաշվով հաղթանակի պայմաններում գերմանական «գայլերը» խաղավարտին մոտ ինչպես երկու գոլ բաց թողեցին ու «պահպանեցին» պատասխան խաղի ինտրիգը: Ինտրիգ ասելով, ինչ խոսք, մենք մի փոքր չափազանցրինք, որովհետև հաջորդ փուլ դուրս գալու համար «Գենտին» անհրաժեշտ էր երկու գոլ էլ մրցակցի դաշտում հեղինակել՝ սեփականն անառիկ պահելով:
Չկարողացան: Փոխարենը գերմանացիները հաջողության հասան և գոլառատ առաջինին պատասխանեցին նվազագույն առավելություն արձանագրած երկրորդով ու, կարելի է ասել, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իրենց առաքելությունն ավարտեցին, որովհետև մեկ քառորդում էլ չկա «Գենտին» համարժեք նվեր, որ «ծամես» ու անցնես, թեպետ ֆուտբոլն այնպիսի հրաշք բան է, որ ամեն ինչ էլ կարելի է սպասել:
Ինչևէ: Ավարտելուց առաջ ասենք, որ դիմացը հրաշքների շաբաթ է մեզ սպասում: Բարսելոնում «Արսենալը», որքան էլ հեքիաթներին չհավատա (կատալոնցիները Լոնդոնում հաղթել են երկու անպատասխան գնդակի առավելությամբ) կփորձի դիմադրել «Բարսելոնին», իսկ Մյունխենում կկայանա մեկ ութերորդի ամենախոշոր ինտրիգն ունեցող դիմակայությունը: «Բավարիա»-«Յուվենտուս» մրցակցության առաջին ռաունդն ավարտվել է 2:2, իսկ ճանապարհը կարող է շարունակել միայն մեկը: Նշենք, որ բացի հաղթական ելքից, Խոսեպ Գվարդիոլայի սաներին միանգամայն բավարարում են նաև 0:0 ու 1:1 հաշիվները (2:2-ը տալիս է լրացուցիչ խաղաժամանակի հնարավորություն՝ այստեղից բխելիք հետևանքներով):
Սրանք չորեքշաբթի կայանալիք խաղերն են, իսկ մեկ օր առաջ՝ մարտի 15-ին, կմրցեն «Աթլետիկո»-«Էյնդհովեն», «Մանչեստր Սիթի»-«Դինամո» (Կիև) զույգերը: Առաջինում առաջին հանդիպման ժամանակ գրանցվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշիվ, ու ինտրիգը պահպանվում է պատասխան խաղում: Ինչ վերաբերում է «Մանչեստր Սիթի»-«Դինամո» (Կիև) մրցակցությանը, եթե մանչեստրցիները խելահեղության զոհ չդառնան, պրոբլեմ պիտի որ չունենան, քանզի մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակն ամրության չափից ավելի մեծ պաշար է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ